ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Արդի համաշխարհային զարգացումներն իրենց անմիջական ներգործությունն են ունենում կրթական համակարգի վրա` ստեղծելով գիտատեխնիկական առաջընթացի աննախադեպ արագություն, բարձր տեխնոլոգիաների ինտենսիվ ներդրում, ազգային տնտեսության անշեղ զարգացում` պահանջելով համապատասխան բարեփոխումներ նաև կրթական գործընթացում:
Հետազոտության արդիականությունը: Թե՛ տարրական, թե՛ միջին դպրոցում լեզվի համակարգի կառուցվածքային տարրերի ուսուցման նպատակը սովորողների մտածողության, նրանց գրավոր և բանավոր խոսքի կատարելագործման, ուղղախոսական, ուղղագրական հմտությունների ձեռքբերման և, անշուշտ, նրանց տրամաբանության զարգացման ուղղվածություն ունի: Հասարակական և բնական գիտությունների զարգացումն ազդում է լեզվական համակարգի վրա` հարստացնելով նրա բառային կազմը: Մայրենի լեզվի բառային կազմի յուրացումը յուրաքանչյուր դպրոցականի ուսումնասիրության կարևորագույն խնդիրն է: Այս գործընթացի հիմքերը դրվում են տարրական դպրոցում, որտեղ մայրենի լեզվի ուսուցումը ոչ միայն քերականական պարզագույն գիտելիքների ճանաչողության, այլև սովորողների տրամաբանական մտածողության զարգացման նպատակ ունի:
Խոսքը միշտ էլ ապրում է զարգացում և թելադրում նոր բառապաշար գիտությունների բոլոր ոլորտներում: Գիտատեխնիկական առաջընթացը տանում է նրան, որ առաջանում են նոր բառեր, որոնք կարող են առաջանալ արմատների միացությունների արդյունքում, ինչպես նաև բառեր, որոնք նորաբանություններ են կամ փոխառյալ բառեր, ուստի որքան մարդկությունը զարգանում է, այնքան զարգանում է բառապաշարը, հետևաբար նաև տրամաբանական մտածողությունը կապված նոր բառերի ստացման հետ, որը շարունակական բնույթ ունի:
Հետազոտության օբյեկտը: Հետազոտության օբյեկտն է բառակազմության ուսուցման ամբողջական համակարգը որպես տրամաբանական մտածողության զարգացման միջոց:
Հետազոտության առարկան: Հոտազոտության առարկան տարրական դասարաններում բառակազմության ուսուցման գործընթացն ու մանկավարժական պայմաններն են:
Հետազոտության նպատակը: Հետազոտության նպատակն է բացահայտել բառակազմության դերը կրտսեր դպրոցականի տրամաբանական մտածողության զարգացման գործում:
Այս ամենի համար հարկավոր է ստեղծել այնպիսի պայմաններ, որ երեխայի բնական տարիքային պահանջմունքները (ճանաչման, հաղորդակցման, գործունեության) բավարարվեն: Ներկայումս բավականին արդիական է բառակազմության ուսուցումը, քանի որ երեխան, հենվելով տրամաբանության զարգացման վրա, սովորում է նոր բառեր իրենց նշանակություններով` իրենց շրջապատող առարկաներն ու երևույթները իրենց անուններով կոչելու համար, հնարավորություն է ստանում գրագետ հաղորդակցվել:
Մեր աշխատանքում նպատակ ենք դրել`
ա) ներկայացնել բառակազմության վերաբերյալ ժամանակակից հայոց լեզվի տեսության մեջ եղած տեսակետները,
բ) բացահայտել դրանց ուսուցման հետ կապված դժվարությունները,
գ) ածանցավոր և բարդ բառերի միջոցով զարգացնել աշակերտների տրամաբանությունը:
դ) Մշակել բառակազմության ուսուցման այնպիսի եղանակներ, որոնց մեջ կապահովենք աշակերտների տրամաբանության զարգացումը:
Հետազոտության խնդիրները: Հետազոտության խնդիրներն են`
Ուսումնասիրել խնդրո առարկային վերաբերող մանկավարժական մոտեցումները:
Կարևորել բառակազմության դերը տրամաբանական մտածողության զարգացման գործում:
Բառակազմության վերլուծության միջոցով ճանաչել տալ բառի բաղադրիչները` արմատ և ածանց, և կարևորել դրանց դերը բառակազմության գործում:
Մշակել բառակազմության ուսուցման արդյունավետ մեթոդներ:
Հետազոտության մեթոդները: Հետազոտության մեջ կիրառել ենք հետևյալ մեթոդները` դիտման, զրույցի, Վենի դիագրամ, աձև աղյուսակ, Մտագրոհ, Կանխագուշակումներ հենակետային բառերով ու արտահայտություններով, որոնք կնպաստեն դպրոցականների տրամաբանության, ինչպես նաև խոսքի զարգացմանը:
Հետազոտության կառուցվածքն ու ծավալը: Աշխատանքը բաղկացած է ներածությունից, երկու գլխից, հետազոտական մասից, եզրակացությունից, օգտագործած գրականության ցանկից: Առաջին գլխում ուսումնասիրվում է բառակազմությունը որպես լեզվաբանության բաժին: Երկրորդ գլխում ներկայացված է բառակազմության ուսուցման մեթոդիկան կրտսեր դպրոցում: