СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Այբբենարանի հանդես

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Այբբենարանի հանդես»

ԱՅԲԲԵՆԱՐԱՆԻ  ՀԱՆԴԷՍ

March 14, 2018

ԱՅԲԲԵՆԱՐԱՆԻ  ՀԱՆԴԷՍ

Հանրակրթական դպրոցի առաջին դասարանցիների մասնակցութեամբ

Մայիս ամսին

……………………………………………………………

/ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԲեմ են բարձրանում մի քանի աշակերտներ./

− Բարի ու ջինջ իմ առավոտ, լույսի հետ բեր ծաղիկ շաղոտ,

Բարի ու ջինջ իմ առավոտ, դու միշտ բացվիր մոր ժպիտով:

Լույսն է բարի, լույսն է բարի, երբ բացվում է սարին, դաշտին,

Երբ բացվում է մեր քաղաքին, արթնացնում է ողջ աշխարհին:  /Կամ՝ գյուղին, և կամ՝ բնակավայրի անունը/:

           − Ո՞ւմ եմ ասում ես բարև,

            Ամենից առաջ բարև ասում եմ ես տանը մեր,

            Առավոտյան դուրս գալիս՝  բարևում եմ գյուղին մեր,

            Հետո դպրոց եմ գալիս՝ նորից ասում եմ բարև:

            Ուզում եմ ողջ աշխարհում՝ միշտ լինի բարի արև:

− Իսկ դու գիտե՞ս դարեր առաջ ինչպէս են իրար բարևել մեր լեռները:

/Մտածկոտ./ − Ոչ:

− Դրա մասին է գրել է Պարույր Սևակը.

Ասում են թե մի ժամանակ,

Ինչքա՞ն առաջ, ի՞նչ իմանանք,

Եղբայրներ են եղել հսկա մեր լեռները,

Զարթնել են շուտ, ելել ոտի,

Նախ կապել են իրենց գոտին,

Լվացվել են, հետո միայն՝

Բարի լույս են իրար ասել,

Եվ իրարից բարի լույս են սիրով լսել:

Եվ միշտ այսպէս, և ճիշտ այսպէս,

Շուտ են զարթնել, ելել ոտի,

Նախ կապել են իրենց գոտին,

Հետո միայն բարև ասել, բարև լսել: 

/Նախորդ աշակերտը./ − Արդեն իմացա, շատ հետաքրիր էր:

.

/Աշակերտուհու ձեռքին տիկնիկ է, ում դիմելով է արտասանում./

− Ինձ լավ լսիր, իմ տիկնիկ, տես թէ ինչ եմ ասում քեզ,

Արդեն մեծ ես, մեծ աղջիկ, բայց դեռ շատ բան չգիտես,

Առավոտյան լվացվիր, մազերդ դու միշտ սանրիր,

Կոկիկ, մաքուր հագնվիր և մայրիկիդ համբուրիր:

Եթէ քեզ հետ հյուր գնանք, դու միշտ ասա՝  բարև ձեզ,

Եթէ քեզ հյուրասիրեն՝ շնորհակալ եմ՝  կասես:

Քո ձեռքերը խնամքով  մաքրիր անձեռոցիկով:

Ինձ լավ լսիր, իմ տիկնիկ, այս ամենը թէ անես՝

Այս գեղեցիկ դպրոցի աշակերտ կը’համարվես:

/Մի տարի փոքր երեխա./ − Ես մի մանուկ եմ աշխարհում այս մեծ,

Ուզում եմ խաղալ, վազվզել, երգել, նաև՝ սովորել, կարդալ ու գրել:

− Իսկ կարդալու և գրելու համար գիտե՞ս ինչ է հարկավոր:

− Չէ, չգիտեմ, իսկ ի՞նչ:

− Հարկավոր է Այբուբենը իմանալ:

− Իսկ այբուբենը որտե՞ղ են սովորեցնում:

− Դե, դա արդեն շատ ամոթ է, որ չգիտես, տառերը սովորում են դպրոցում, ինչպէս մեր դասարանն է սովորել:     

/ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ: Բեմ են բարձրանում առաջին դասարանի բոլոր աշակերտները:/  

ԵՐԳ:

− Դպրոց ենք գալիս արդեն ութ ամիս և հասցրել ենք շա՜տ բան սովորել:

Մենք գիտենք գրել, կարդալ ու հաշվել, իսկ մեզ օգնական եղան գրքերը,

Բայց կարևոր էր առաջին գիրքը՝ մեր շատ սիրելի Այբբենարանը:

/Փոքր երեխա./  − Իսկ ինչո՞վ էր նա կարևոր:

− Նրանով, որ նա մեզ ծանոթացրեց հայոց տառերին:

Տառերն էլ միացան ու դարձան բառեր:

− Իսկ երբ միացան բառերը՝ նրանք դարձան նախադասություն:

Դրանցով էլ ստեղծվեցին պատմություններ և հեքիաթներ, որոնք մենք շա՜տ-շատ ենք սիրում:

− Եվ այսպիսով գրքերի միջոցով բացվեց մեր առջև մեծ ու գունագեղ մի հրաշք աշխարհ:

.

/Ներս են մտնում աղվեսը, կատուն, արջուկը./

ԱՂՎԵՍ. – Երեխաներ, այդ ինչի մասին եք այդպէս հետաքրքիր զրուցում:

ԿԱՏՈՒ.  – Ասեք, մենք էլ իմանանք:

ԱՐՋՈՒԿ. –  Ձեզանից ետ չմնանաք:

 

− Դե, մենք սովորել ենք տառերը և մանկապարտեզից այս տարի դպրոց եկող իմ քույրիկին /կամ՝ եղբորը/ պատմում ենք, թէ ինչ հետաքրքիր աշխարհ է Այբուբենը մեր առջև բացում:

ԱՂՎԵՍ. ԿԱՏՈՒ. ԱՐՋՈՒԿ /միասին./  – Մենք դպրոց գնալու կարիք չունենք, մեզ ինչ-որ պէտք է, կարդալ գիտենք:

− Դե, եկեք ստուգենք:

ԱՂՎԵՍ. ԿԱՏՈՒ. ԱՐՋՈՒԿ /միասին/.  – Համաձայն ենք:

− Մի շտապեք համաձայնել, այդքան հեշտ չի պատասխանել մեր հարցերին:

Առաջադրանք համար մէկ.

Ես տառերը կմիացնեմ, բառ կստանամ, իսկ դուք կկարդաք:

/Երեխաներից մի քանիսը ձեռքերով պահում են թղթեր՝ ստանում ԱՅԲԲԵՆԱՐԱՆ բառը/.

–  Դե, փորձեք կարդալ, ի՞նչ բառ կազմեցի տառերով հայոց:

ԿԱՏՈՒ. – Չնայած փիսիկ եմ ես փոքրիկ և դպրոց չեմ գնում,

Բայց բառը կկարդամ ես հեշտ ու հանգիստ; այդ բառն է  ՄՈՒԿ, կամ էլ՝  ՁՈՒԿ:

ԱՂՎԵՍ. – Ինչ մուկ, ինչ ձուկ, այս փիսո, իմ փոքրիկ եղբայրիկը նույնիսկ կկարդա այս համեղ բառը, և այդ բառն է՝ ՃՈՒՏ:

ԱՐՋՈՒԿ. − Հա՜, հա՜, հա՜, ծիծաղից մեռա, որտե՞ղ եք տեսնում՝  ՄՈՒԿ,  ՁՈՒԿ, կամ էլ՝  ՃՈՒՏ, չէ մի չէ՝ հավ:  Չեք տեսնու՞մ՝ շատ պարզ ու հասկանալի գրված է՝  ՄԵՂՐ:

– Լավ, լավ, մի վիճեք, դուք կարդում եք այն, ինչ որ սիրում եք,

Իսկ հիմա, երեխաներ, դուք կարդացեք, ի՛նչ է գրված:

ՄԻԱՍԻՆ. – ԱՅԲԲԵՆԱՐԱՆ:

– Իսկ թէ ուզում եք կարդալ սովորել, պիտի դպրոց գաք, ամեն օր մի նոր տառ ու բառ սովորեք, դրանից հետո դուք շատ լավ կկարդաք բոլոր բառերը:

ԱՂՎԵՍ. ԿԱՏՈՒ. ԱՐՋՈՒԿ.  –  Չէ-չէ մի, ձուկը, ճուտը և մեղրը թողնենք՝ դպրոց գա՞նք:  

– Երեխաներ, եկեք կանչենք Այբբենարանին, միգուցե նա կարողանա համոզել Արջուկին, Փիսիկին և Աղվեսին, որ գրել-կարդալ չեն իմանա, եթէ տառերը չսովորեն:

ՄԻԱՍԻՆ.–   ԱՅԲ – ԲԵ – ՆԱ – ՐԱՆ:

/ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ Գալիս է ԱՅԲԲԵՆԱՐԱՆ–ԱՇԱԿԵՐՏԸ./

– Նա, ով ուզում է սովորել, կարդալ, շատ բան իմանալ,

Պիտի ինձ մոտ գա առաջին անգամ, որ օգնեմ նրան,

Որ նրա համար լինեմ ուսուցիչ և լավ օգնական,

Դէպի գրքերը, հեքիաթներն անգին բացեմ ճանապարհ:

Դե, քայլեք, խիզախ առաջ շարժվեք, բացեք էջերս,

Եվ ծանոթացեք օգնականներիս՝ երեսունինը հայոց տառերին:    

ԵՐԳ:

− Երեսունինը տառեր օգնութեան են շտապում, երբ գրքերն ենք մենք բացում:

Ընկերանանք նրանց հետ, որ վարժ կարդանք ու գրենք:

– Ա – արև եմ, ջերմություն եմ ես տալիս: Աղավնի եմ, արագիլ եմ, ինչպես նաև՝ ավետիս:

– Բ – բարև եմ, բարի արև, բարևում եմ բոլորին:

– Գ – գարուն եմ, ծաղկեցնում եմ դաշտ ու հովիտ, նաև գիրք եմ ու տալիս եմ շատ գիտելիք:

– Դ – դպրոց եմ, դպրություն եմ, դասագիրք եմ ու դաս եմ ես ուսուցանում:

– Ե – երգ եմ ես, երաժշտություն, հոգիներն եմ ուրախացնում:

– Զ – զանգ եմ ես, զընգզընգում եմ, զընգզընգացնում՝ դպրոց կանչում:

– Է – էլի էս զանգը հնչեց, էլի դասի ենք գնալու: Է՜հ, վերջին ժամը ե՞րբ է գալու, է՜:

– Ը – ընկեր եմ և ընտանիք, ինձ մոտ եք դուք գտնում բարիք:

– Թ – թութակ եմ, թեթև-թեթև կրկնում եմ՝ ինչ լսում եմ:

– Ժ – ժամ եմ ես ու ժամանակ, ժամանակին ժամանեցի:

– Ի – իլիկ եմ, իրիկուն եմ, ինչպէս նաև՝ իմաստություն:

– Լ – տառն եմ ես, լիություն եմ, լավություն և լիալուսին:

– Խ –խիզախ եմ, խաղաղ, խրոխտ, խորաթափանց: 

– Ծ – տառն եմ ես, ծիրանի եմ, ծիրանագույն, ծիածան եմ ես յոթնագույն:

– Կ – կաքավ եմ, երգել գիտեմ, կաքավում եմ և կարոտում գարնան օրեր:

– Հ – հրաշք եմ, հրաշագործ, հիանալի և հիասքանչ:

– Ձ – ձագուկ եմ, ձիգ եմ, ձեռք եմ ու ձեռագիր:

– Ղ – տառն եմ ես ու ղեկավար, ղեկ եմ վարում միշտ, անդադար:

– Ճ – ճանաչ եմ, ճշմարտություն և ճիշտ եմ միշտ:

– Մ – տառն եմ ես, մագաղաթ եմ, միասնություն:

– Յ – յասաման, յուրահատուկ, յուրաքանչյուր:

– Ն – նապաստակ, ներկապնակ, նկար, նվեր, նվիրական, ն տառով բառեր շա՜տ-շատ կան:

– Շ – շուշան եմ, շող եմ, շուք եմ, շքեղություն:

– Ո – որոտ եմ, որոշում եմ և որպիսություն եմ ես հարցնում:

– Չ – տառն եմ ես և չեզոք եմ չարութեանը:

– Պ – պայուսակ, ինչպես նաև՝ պարկապզուկ:

– Ջ – ջութակ եմ, նվագում եմ ու ջերմացնում:

– Ռ – ռնգեղջյուր, չէ, ավելի լավ է՝ ռազմիկ, ով մեզ միշտ կը’պաշտպանի:

– Ս – սուս եմ ասում ես ձեզ, սուս մնացեք, մեզ լսեք:

– Վ – վահան եմ և ուժեղ, նաև՝ վարդ եմ հոտավետ:

– Տ – տուն եմ ես ու տանիք, տնարար եմ, տնաշէն:

– Ր – րոպե եմ, իսկ դուք գիտե՞ք, մի րոպեում դուք ինչքա՜ն շատ բառեր եք ասում:

– Ց – Ցերեկ եմ, լույս և ցող, ցուրտն են ցրում ցերեկով:

– Ու – ուշիմ եմ և ուշադիր, երբ կարդում եմ ես գիր ու գիրք:

– Փ – փարոս եմ, մթության մեջ ճամփա եմ ես լուսավորում:

– Ք – քուրա եմ, կրակ անշեջ:

– ԵՎ – այն տառն եմ, որ բառերին միացնում եմ, ընկերացնում:

– Օ՜ – առանց ինձ չեք զարմանա:

– Ֆ – իսկ առանց ինձ դուք չեք կարող նայել ֆուտբոլ:

.

/ԱՅԲԲԵՆԱՐԱՆ–ԱՇԱԿԵՐՏ./ –  Դուք արդեն գրագէտ եք, այսինքն՝ դուք գիր գիտեք, գիտեք տառերը բոլոր:

/ՄԻԱՍԻՆ./ – Հայերեն լեզուն գիտենք և մեր լեզուն սիրում ենք: 

– Հայոց լեզվով գրում ենք, հայոց լեզվով կարդում ենք,

Գիրքը բացում է մեր դէմ մի ողջ աշխարհ, տիեզերք:

.

ԵՐԳ ԱՅԲԲԵՆԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ:  /Տեսանյութը՝ էջի ներքևում/

.

– Դե, իսկ հիմա եկեք մի գեղեցիկ բառ կազմենք ու կարդանք:

 ՀԱՅԱՍՏԱՆ. /այս բառի տառերը ձեռքով պահած իրար կողք են կանգնում աշակերտները՝ հերթով առաջ գալով./

– Հ տառն եմ ես, Հայասան եմ, Հայկը անպարտ:

– Ա տառն եմ ես, Արարատն եմ, լեռը հպարտ:

– Յ տառն եմ ես, յասաման եմ, ծաղիկ սիրուն:

– Ա տառն եմ ես, Արագածն եմ, լեռը սիրուն:

– Ս տառն եմ ես, Սևանա լիճն եմ լեռներում:

– Տ տառն եմ ես, Տիգրան մեծն եմ, արքան անհաղթ:

– Ա տառն եմ ես, Արաքս գետն եմ ջուրը վարար:

– Ն տառն եմ ես, Նարեկացին մեր փառապանծ:

Եթե բոլորս կողք-կողքի շարվենք՝ ՀԱՅԱՍՏԱՆ բառը դուք կարտասանեք:

/Կանգնում են իրենց տեղերում./

– Տարոն գավառի Հացեկաց գյուղում մի հրաշալի մանուկ է ծնվում,

Եվ ով իմանար, որ այդ երեխան հույսը կդառնա ազգին հայկական:

– Ու կանցնեն օրեր, ամիսներ, տարի, երազանքը մեր նա պիտ կատարի,

Ու պիտի շրջի գյուղեր, քաղաքներ, ու պիտի ստեղծի հայոց նշագրեր:

– Օրհնանք ստացավ ու գործի լծվեց, մեծ չարչարանքով տառեր ստեղծեց:

Եվ այդ օրվանից անցել են դարեր, տառերն են հասել մինչև մեր օրեր:

– Մեծն Մաշտոցից մինչ մեր դասարան թովիչ են, ինչպէս ծիծաղ մանկական:

Եվ մենք հոյակապ աշակերտներ ենք, հայոց տառերը մենք կարդալ գիտենք:

– Սերնդեսերունդ մենք միշտ կհիշենք, Մաշտոց անունը բարձր կպահենք,

Հայոց գրերին վառ հավերժություն, Մեսրոպ Մաշտոցին՝ շնորհակալություն:

/Վերջին բառը խմբով են ասում:/

ԵՐԳ:    Խոսք՝ Ռ. Ղարիբյանի, երաժշտությունը՝ ժողովրդական.

ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ, ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ

1. Սիրում եմ քեզ, հայոց լեզու

Մայրիկիս պէս անուշ ես դու,

Մայրիկիս պէս անուշ ես դու:

2.  Քեզնով եմ ես հպարտանում,

Կարդում, գրում, արտասանում,

Կարդում, գրում, արտասանում:

3. Ուր էլ գնամ, ուր էլ լինեմ,

Հայոց լեզուն միշտ կը’սիրեմ,

Հայոց լեզուն միշտ կը’սիրեմ:

.

– Տեսիլքից են ծնվել տառերը մեր, հողմերով են սնվել տառերը մեր,

Իսկ երբ փորձել են ջնջել ու կեղծել՝ քարերին են գրվել տառերը մեր:

– Ընթերցելու մեր ճամփան այբուբենն է մեսրոպյան,

Ուժ է տալիս մեր բազկին, միասնություն՝ մեր ազգին:

– Նա աղոթք է մեր հոգում, գանձ է, բերդ է, էություն,

Զարթոնքի նվագ է նա, ընթացք, ուղի, զորություն:

– Հայոց գրեր, հայոց տառեր, դուք լույս եք ջերմ ու միշտ մեզ հետ,

Ճանապարհ եք դուք կարդալու, մեր շուրթերին և հոգում մեր:

.

ԱՅԲԲԵՆԱՐԱՆ–ԱՇԱԿԵՐՏ.  – Դե ինչ, Աղվես, Արջուկ և Փիսիկ, դուք էլ եկեք ինձ մոտ և իմ էջերը թերթեք ու տառերը սովորեք: /Դիմում է դահլիճին/  

Եվ դուք, երեխաներ, եթե դեռ տառերը չգիտեք՝ մեզ մոտ եկեք և սովորեք:

Թէ ուզում եք տառ սովորել, եկեք մեզ մոտ, երեխաներ:

Թէ ուզում եք դուք նկարել, եկեք մեզ մոտ երեխաներ:

Թէ ուզում եք խաղալ, վազել, եկեք մեզ մոտ երեխաներ:

Թէ ուզում եք երգել, պարել, եկեք մեզ մոտ, երեխաներ:

Թէ ուզում եք արտասանել, եկեք մեզ մոտ, երեխաներ:

Թէ ուզում եք համեղ ուտել, եկեք մեզ մոտ, երեխաներ:

.

ԱՂՎԵՍ. – Դե, համեղ ուտել կարելի է, բայց սովորել ես չե՛մ ուզում:

ԱՐՋՈՒԿ. – Ես էլ նկարել ու պարել չեմ ուզում:

ԿԱՏՈՒ. – Մ տառով մկնիկի հետ և Ձ տառով ձկնիկի հետ խաղալ կարելի է, բայց ոչ դպրոցում:

ԱՇԱԿԵՐՏ. – Մենք հիմա մի պար կպարենք, այդ ընթացքում մի քիչ էլ մտածեք, գուցե փոշմանեք ու միանաք մեզ:

ՊԱՐ /Պարի ընթացքում ԱՂՎԵՍԸ, ԿԱՏՈՒՆ, ԱՐՋՈՒԿԸ տանում են Մ, Ձ, Ճ տառերին/

.

/Պարից հետո ԱՅԲԲԵՆԱՐԱՆ–ԱՇԱԿԵՐՏԸ նայում է տառերին./

– Մեր շարքերը կարծես թէ պակասել են, մի քանի տառեր բացակայում են, որտե՞ղ են նրանք: Չէ՞ որ քիչ առաջ այստեղ էին, ո՞ւր կորան:

ԱՇԱԿԵՐՏ. – Խորամանկ աղվեսը, մրթմրթան Արջուկն ու չարաճճի Փիսոն նույնպէս չկան, երևի նրանք են տարել մեր ընկերներին: 

/ Տառերը խառնվում են իրար, օգնութեան են կանչում Չ տառով Չալո շնիկին./

–  Չալո, Չալո:

ՇՆԻԿ ՉԱԼՈ.  – Հա՛ֆ, հա՛ֆ, հա՛ֆ:

/Մոտ է գալիս մի չալ Հավ./

ՀԱՎԻԿ.  – Ինչո՞ւ ես դու ինձ կանչում, ինձնից ի՞նչ ես պահանջում:

ՇՆԻԿ ՉԱԼՈ. – Ա՜յ քեզ հավ, դու շատ կավ կչկչում ես, բայց տառերը չգիտես, ես ասումեմ ոչ թէ՝ հավ,  այ՝  լա՛վ  լսիր, հա՛ֆ, հա՛ֆ, հա՛ֆ:

ԱՇԱԿԵՐՏ.  – Չալո, Չալո, Հավիկին հետո տառերը կսովորեցնես, ոչ հիմա:

ՇՆԻԿ ՉԱԼՈ.  – Իսկ ի՞նչ է պատահել, ինչո՞ւ եք այսպէս շփոթված:

ԱՅԲԲԵՆԱՐԱՆ–ԱՇԱԿԵՐՏ.  – Աղվեսը, Արջուկը, Փիսիկը տարան Մ, Ձ, Ճ տառերին, իսկ առանց իմ տառերի, թեկուզ մի տառի, ես ամբողջական չեմ, կիսատ-պռատ եմ:

ՇՆԻԿ ՉԱԼՈ.  – Լավ, ես ձեզ կօգնեմ, հիմա նրանց կգտնեմ, ետ կբերեմ: 

ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ:  /Չալո շնիկը բեմի վրա այս կողմ է գնում, այն կողմ է գնում, ձեռքը դնում է ճակատին, նայում դահլիճին, բեմից իջնում, մի քանի վայրկյան հետո բարձրանում, ձեռքերից քաշելով բերում Աղվեսին, Արջուկին, Փիսիկին, ապա նորից է իջնում, բերում տառերին; բեմի վրա գտնվողները ծափահարում են/.

– Ապրես, Չալո:

ՀԱՎԻԿ. /դիմում է ԱՂՎԵՍԻՆ, ԿԱՏՎԻՆ, ԱՐՋՈՒԿԻՆ/.  – Դե, մոռացեք ձեր չար գործերը, ուտե՞լ եք ուզում, գնացեք աշխատեք, գումար վաստակեք և ինչ-որ ուզում եք՝ խանութից գնեք:  Ճ-ճուտիկին, Ձ-ձկնիկին, Մ-մեղրիկին հանգիստ թողեք:

ՇՆԻԿ ՉԱԼՈ. – Թէ որ խեղճին դուք նեղացնեք, գործ կունենաք միայն ինձ հետ: Հա՛ֆ, հա՛ֆ: Չարութեամբ դուք ոչ մի լավ բանի չեք հասնի: Իսկ հիմա ավելի լավ է ձեր չարությունը մի կողմ թողեք և միացեք մեզ:

– Բայց մենք մի պայման ունենք, մեզ միանալու համար դուք պիտի հաճախեք դպրոց, գրել, կարդալ սովորեք, իսկ դրա համար հենց հիմա կամ պէտք է արտասանեք, կամ երգեք, կամ էլ՝ պարեք, որ ձեզ դպրոց ընդունենք:

ԱՂՎԵՍ. – Արտասանել չգիտենք, իսկ պարել՝ ամաչում ենք:

ԱՐՋՈՒԿ. – Դե լավ, մի երգ կը երգենք:

ԿԱՏՈՒ. – Դա էլ չեք կարող:

ԱՐՋՈՒԿ. – Հա՞, դե տես:

ԵՐԳ:  Կոմիտաս, «ՋԱՆ ԻՄ ԳՆԴԱԿ»:

1.  Ջան, իմ գնդակ, իմ գնդակ,

Կանաչ, կարմիր, կապուտակ,

Թռիր վերև, իջիր ցած,

Չալոն մնա զարմացած:

2.  Գլոր-Գլոր գլորի,

Թփերի մեջ մոլորի,

Փիսոն գտնի խըտըտի,

Խունջիկ-մունջիկ պըտըտի:

.

ԱՅԲԲԵՆԱՐԱՆ–ԱՇԱԿԵՐՏ. – Երեխաներ, լավ իմացեք և միշտ հիշեք, որ և՛ կեանքում, և՛ հեքիաթում, միշտ էլ բարությունն է հաղթում:

Մի տարի փոքր երեխան. – Ես մի բան հասկացա, որ տառերը գրել ու կարդալ սովորելը շատ լավ բան է, բայց դուք դպրոցում միայն տառեր ե՞ք սովորում, էլ ուրիշ բան չեք անո՞ւմ, էդ ինչ ձանձրալի տեղ է:

– Չէ, ինչ ես ասում, մենք նաև խաղեր ենք խաղում, մարզանք ենք կատարում, բույսեր ենք խնամում, ջրում, երգում ենք, պարում: Դե լավ, քանի որ հարցրեցիր, մենք հիմա քեզ և հանդիսատեսին կպատմենք, թէ ուրիշ է՛լ  ինչեր ենք սովորում դպրոցում:

– Մատիտով, ջրաներկով ես սիրում եմ նկարել,

Կապույտ երկինք, կանաչ խոտ, ծաղիկներ եմ նկարել:

Սա էլ Մասիսն – Արարատ, մեզ բոլորիս հարազատ,

Սա՝ ծիածան, սա՝ պարտեզ, սա՝ դպրոց եմ նկարել:

/Արտասանելիս ցույց է տալիս իրենց նկարած նկարները, որոնք փակցված կամ պարանի վրա կախված են մի կողմում: Երեխան նայում է:/

– Թվերի աշխարհ երբ հյուր գնացինք, շատ խնդիրների լուծումը գտանք,

Երկրաչափական շատ պատկերների մենք ծանոթացանք:

– Նման եմ ես օղակի, նման եմ և անիվի,

Ոչ մի անկյուն ես չունեմ, դե, ասացեք, ես ո՞վ եմ: 

/ՄԻԱՍԻՆ./ – Շրջան:

– Չորս ընկեր ենք, չորս եղբայր, չորսն էլ իրար հավասար,

Միայն չորս կողմ ես ունեմ, դե, ասացեք, ես ո՞վ եմ: 

/ՄԻԱՍԻՆ./ – Քառակուսի:

– Իսկ ես բուրգի նման եմ, միայն երեք կողմ ունեմ:

Ունեմ երեք սուր անկյուն, իմ անունն է եռանկյուն:

– Ծառի վրա կար մի կկու, մեկն էլ եկավ՝ դարձան երկու,

Երբ մոտ թռան երեք ծիտիկ, թիվը դարձավ երեք, չորս, հինգ,

Հեռվից եկան երեք արտույտ, եկեք հաշվենք. վեց, յոթ և ութ:

Վերջում եկան երկու սարյակ, ինը, տասը. դարձան տասնյակ:

.

ԵՐԳ:  «ԿԱՔԱՎԻ ԳՈՎՔԸ»; Կոմիտաս, Հովհաննէս Թումանեան

1.  Արև բացվեց թուխ ամպերէն,

Կաքավ թըռավ կանաչ սարէն,

Կանաչ սարէն՝ սարի ծերէն,

Բարև բերավ ծաղիկներէն.

ԿՐԿՆԵՐԳ.      Սիրունի՜կ, սիրունի՜կ,

                        Սիրունի՜կ, նախշուն կաքավիկ։     / 2 /

2.  Քո բուն հյուսած ծաղիկներով՝

Շուշան, նարգիզ, նունուֆարով,

Քո տեղ լըցված ցող ու շաղով,

Քընես, կ’ելնես երգ ու տաղով:    ԿՐԿՆԵՐԳ

3.  Քո թև փափուկ ու խատուտիկ,

Պըստի կըտուց, կարմիր տոտիկ,

Կարմիր-կարմիր տոտիկներով,

Կըշորորաս ճուտիկներով:        ԿՐԿՆԵՐԳ  

4. Երբ կը’կանգնես մամռոտ քարին,

Սաղմոս կասես ծաղիկներին,

Սարեր ձորեր զըվարթ կանես,

Դարդի ծովեն սիրտ կը’հանես:     ԿՐԿՆԵՐԳ  

.

– Սովորել ենք նաև Հիսուս Քրիստոսի սովորեցրած աղոթքը.

/Հանդիսատեսի հետ միասին./  – Հա՛յր մեր, որ երկնքում ես, Քո անունը սուրբ լինի, Քո թագավորությունը գա, Քո կամքը լինի ինչպէս երկնքում, այնպէս երկրի վրա, մեր ամենօրեա հացը տուր մեզ այսօր և մեզ ներիր մեր պարտքերը, ինչպէս մենք ենք ներում մեր պարտականներին, ու մեզ փորձութեան մի տանիր, հապա փրկիր մեզ չարից, քանի որ Քոնն է թագավորությունը, զորությունը և փառքը հավիտեանս հավիտենից: Ամեն։

.

– Իսկ հիմա կներկայացնենք տարվա եղանակները.

Օրն է տաքանում, դաշտը կանաչում, այդ ե՞րբ է լինում: 

/ՄԻԱՍԻՆ./   – Գարնանը:

– Ցորենն է հասնում, արևը այրում, այդ ե՞րբ է լինում:   

/ՄԻԱՍԻՆ./   – Ամռանը:

– Տերևը դեղնում, անձրև է մաղում, այդ ե՞րբ է լինում:

/ՄԻԱՍԻՆ./  – Աշնանը:

– Ձյան ծածկոցի տակ գետերն են լռում, այդ ե՞րբ է լինում:

/ՄԻԱՍԻՆ./  – Ձմռանը:

– Երբ մարզանք ենք կատարում, ցատկում ենք վեր, ցատկում վար,

Վազվզում ենք, թռչկոտում դէպի աջ և դեպի ձախ:

.

– Բութ մատն ասաց.  – Եկան, եկան:

Ցուցամատն ասաց.  – Ովքե՞ր եկան:

Միջնամատն ասաց.  – Գայլերն եկան:

Մատնեմատն ասաց.  – Դե, շուտ փախչենք:

Ճկույթն ասաց.  – Ես պստիիկ եմ, ինչպէ՞ս փախչեմ:

Բութ մատն ասաց.  – Մենք չենք փախչի, չենք նահանջի,

Ուս-ուսի տանք, բռունցք դառնանք և գայլերի մռութին տանք:

.

– Երբ փողոցով անցնում եք, դուք շատ ուշադիր եղեք,

Խաղով փողոց մի՛ անցեք, լուսամփոփին միշտ նայեք:

Լուսամփոփը ասում է.  – Երեք կոճակ ես ունեմ,

Դրանք երեք գույնի են, երեք խոսուն գույներ են, 

Մարդկանց, մեքենաներին լույսերը այդ ասում են. 

Կարմիր գույնը՝ կանգ առեք, դեղինը՝ զգուշացեք,

Կանաչը՝ ճամփան բա՜ց է, բարի ճամփա, գնացե՜ք: 

.

ԵՐԳ:

/Բեմ  են  բարձրանում մի քանի երկրորդ դասարանցիներ:/

− Մի տարի առաջ այս նույն դահլիճում մենք էլ էինք ձեզ նման երգում ու պարում,

գիտելիքների մեր պաշարներն էինք մենք ներկայացնում:

− Իսկ հիմա, նայելով ձեր հանդէսը, կարող ենք ասել, որ դուք բավականին խելացի եք, շատ հետաքրքիր բաներ եք սովորել առաջին դասարանում:

− Դե ինչ, այդպէս էլ շարունակեք, շատ սովորեք, գիտելիքների մե՜ծ աշխարհը դուք բացահայտեք: Մաղթում ենք ձեզ բարի ճանապարհ և հաջողություն ուսման գործում:

ԱՌԱՋԻՆ ԴԱՍԱՐԱՆԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐ.  – Շնորհակալ ենք, սիրելի երկրորդ դասարանցիներ:

– Շնորհակալություն ենք հայտնում մեր սիրելի դպրոցին, տնօրէնին, բոլոր ուսուցիչներին, ինչպես նաև բուժքույրին և խոհարարին:

– Իսկ ամենամեծ շնորհակալությունը հայտնում ենք մեր սիրելի առաջին ուսուցչուհուն՝ ընկեր /կամ՝ տիկին, և կամ՝ օրիորդ/   ……………….ին:

/ՄԻԱՍԻՆ./ – Շնորհակալություն:

.

– Ամպրոպ չկա, ամպ չկա, ձմեռ չկա, ձյուն չկա,

Միշտ գարուն է, վառ գարուն մանուկների աշխարհում:

– Սիրուն կամար երկնքում, յոթ գույների խնդություն,

Ծիածան է շատ սիրուն մանուկների աշխարհում,

Ծաղկի նման հոտավետ, թիթեռի պէս թռվռուն,

Եվ երգում ենք և պարում մանուկների աշխարհում:

– Եթէ դառնամ հրաշագործ, եթէ հրաշք ես կատարեմ,

Մի ինքնաթիռ ես կը’նստեմ, երկրագնդի մանուկներին

Կը’բաժանեմ քաղցրավենիք, միրգ, պաղպաղակ ու խաղալիք:

Եթէ դառնամ հրաշագործ, եթէ հրաշք ես կատարեմ,

Շատ հեքիաթներ կը’հորինեմ, մանուկներին ես կը’պատմեմ,

Որոնք աշխարհն են նորացնում, մոլորակը չի ծերանում:

– Եթէ դառնամ հրաշագործ, եթէ հրաշք ես կատարեմ,

Մեծ կարուսել կը’պատրաստեմ, մանուկներին կը’նստեցնեմ,

Զվարթ խաղով մենք կը’վազենք, ուրախ խաղով կը’ծիծաղենք:

.

– Մանուկները աշխարհում տարբեր լեզվով են խոսում,

Բայց նման ենք մենք իրար մանկական մեր խաղերով,

Ողջ աշխարհի մանուկներ, եկեք ասենք ամեն տեղ.

Թող լուռ մնան զենքերը, ուրախ հնչեն երգերը:

ԵՐԳ:

Համո Սահյան     ԳԱՐՈՒՆԴ ՀԱՅԵՐԵՆ Է ԳԱԼԻՍ

Գարունդ հայերեն է գալիս, 

Ձյուներդ հայերեն են լալիս, 

Հայերեն են հորդում ջրերդ:

Հավքերդ երգում են հայերեն, 

Խոփերդ հերկում են հայերեն, 

Հայերեն են տոկում գրերդ:

Արևդ հայերեն է ծագում, 

Ծառերդ հայերեն են ծաղկում, 

Հայերեն են պայթում բառերդ:

Հունդերդ ծլում են հայերեն, 

Ձեռքերդ կռում են հայերեն, 

Հայերեն են լռում քարերդ:

Ձորերդ շնչում են հայերեն, 

Զոհերդ ննջում են հայերեն, 

Հայերեն են տանջում ցավերդ:

Որքան էլ ձեռքից գնացել, 

Դու էլի հային ես մնացել, 

Հայերեն են հառնում սարերդ:

Թող Աստված եղածը պահի, 

Եվ հետո ինչ էլ պատահի, 

Ձյուներդ հայերեն են լալու, 

Գարունդ հայերեն է գալու, 

Հայերեն են գալու դարերդ… 

.

ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՐ

\———————————————————————/

Երգերն ու պարերն ընտրել տարվա ընթացքում երաժշտութեան դասաժամերին ուսուցանվածից:

Ամբողջ ընթացքում տեսապրոյեկտորով էկրանին ցուցադրվում են տեսանյութեր՝ թեմային համապատասխան, նաև՝ աշակերտների լուսանկարներից՝ իրենց դասերի ընթացքում կատարված: 




Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!